29/02/2020 13:30
ԱՆ աշխատակազմի ղեկավարը «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ. Գևորգ Գրիգորյան
«Իմ ունեցած տեղեկատվությամբ, երեկ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը մի քանի հոգու ուղեկցությամբ այցելել է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն», որտեղ աշխատակիցներին (հիմնականում կանանց) սպառնացել է քրեական հետապնդմամբ` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու կապակցությամբ», - Facebook-ի իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
Նրա խոսքով, բուժաշխատողների վրա նման ճնշումներ երբեք չեն եղել և նման սպառնալիքներով երբեք չեն խոսել բուժաշխատողների հետ:
«Մյուս կողմից «աշխատանքի են լծվել» նախարարության քարոզիչները, մասնավորապես սորոսական «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հետ փոխկապակցված քարոզիչները, ովքեր փորձում են էմոցիոնալ դաշտ տեղափոխել բուժաշխատողների արդարացի պահանջը և պայքարը: Երեկ տված ասուլիսում ես ընդգծեցի, որ նման մոտեցում է լինելու և կրկին անգամ կոչ եմ անում առողջապահության նախարարությանը զերծ մնալ նման գործելաոճից և քննարկումներ իրականացնել միայն մասնագիտական դաշտում` մի կողմ դնելով սպառնալիքները, էմոցիոնալ գրառումները, շանտաժը և սեփական չհիմնավորված ամբիցիաները», - նշել է Գրիգորյանը: