03/03/2020 15:02
Եթե իրավիճակն ավելի սրվի, կարելի է դիտարկել հանրաքվեի հետաձգման պրոցեսը. Հրաչյա Հակոբյան
«Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի բացառում, եթե ապրիլի սկզբին կորոնավիրուսի տարածումը չնահանջի, կդիտարկվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու հարցը:
«Եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակը վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց, եթե ավելի սրվի, կարծում եմ, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը», - ասաց Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը, որ իշխանությունները բավականաչափ քայլեր չեն ձեռնարկել կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար՝ Հակոբյանն ասաց.
«Ի՞նչ է նշանակում «ոչ մի քայլ չձեռնարկեցին»: Բոլոր քայլերը ձեռնարկեցին, ուղղակի, ինչպես տեսնում եք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է ներթափացնել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում»:
Անդրադառալով Ծաղկաձորում առաջացած խուճապին՝ պատգամավորը նկատեց, որ խուճապ չկա՝ ընդգծելով, որ օրերս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ գնացել են Ծաղկաձոր և տեսել՝ նման իրավիճակ չկար:
Հիշեցնենք՝ կիրակի օրը ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց հետո Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել էր 32 մարդ։