03/03/2020 16:17
ՊՆ-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև թիկունքում կամ զորամասում հակառակորդի գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներին
Պաշտպանության նախարարությունը, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու համատեքստում առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով:
Ինչպես իր խոսքում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն, առաջարկվում է, որպեսզի 1000 դրամների հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական հերթապահության կամ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ վնասվածք ստացած զինծառայողները, այլև հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած, առաջին կամ երկրորդ աստիճանի հաշմանդամության կարգ ունեցող զինվորները։
Երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով նախահարձակ գործողություն, Գաբրիել Բալայանը պատասխանեց.
«Խոսքն այն դեպքերի մասին է, որոնք կարող են լինել նաև թիկունքում, զորամասում, երբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարի, կամ հրթիռակոծի, ինչի հետևանքով զինծառայողը ստանա առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: 2008թ.-ից մինչ այժմ նման խմբի 9 շահառու կա»:
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արման Աբովյանն էլ հետաքրրքվեց՝ ի՞նչ է լինելու այն զինծառայողների հետ, որոնք տուժել են զորմասում՝ այս կամ միջադեպի հետևանքով։
Փոխնախարարն ի պատասխան նկատեց, որ այս փոփոխությունը վերաբերում է միայն հակառակորդի գործողության հետևանքով արձանագրված դեպքերին, սակայն վերոնշյալ դեպքերի մասին նախարարությունն արդեն իսկ վարչապետից հանձնարարական է ստացել: