05/03/2020 12:33
Լավին փոխարինել ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ Արցախի պաշտպանության նորանշանակ նախարարի մասին
Մենք պետք է կարողանանք անառիկ պահել մեր սահմանները, զարգացնենեք մեր տնտեսությունը հզոր բանակ ունենալու համար, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Պետք է միշտ համախմբված լինենք և գնանք դեպի այն Հայաստանը, որի մասին երազում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը, որի մասին երազում է հայ ժողովուրդը։ Մենք պետք է քրտնաջան աշխատանք տանենք, ամեն հայ ուսերին իր բաժին բեռը վերցնի՝ բոլորիս երազած Հայաստանն ունենալու համար», - նշեց ազատամարտիկը։
Անդրադառնալով Արցախի Հանարապետություն նախկին և ներկա պաշտպանության նախարարներին՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ նորանշանակ նախարար Ջալալ Հարությունյանին շատ լավ է ճանաչում։
«Նա շատ լուրջ զինվորական է, և տարբեր բնագավառներն իրենց գործի մեջ ունակ մարդիկ պետք է ղեկավարեն։ Ինչ վերաբերում է նախկին նախարար Կարեն Աբրահամյանին, նրա օրոք նորմալ բանակ ենք ունեցել։ Փոփոխությունը չի նշանակում, որ նա թերացումներ է ունեցել։ Լավին փոխարինել ենք ավելի լավով», - ասաց նա։
Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ զգալի լարվածություն այս պահին չկա, սակայն հայկական կողմը մշտապես պետք է զգոն լինի։