10/03/2020 18:44
Քաղաքականության մեջ ես էմոցիոնալ եմ. հույս ունեմ՝ նեգատիվը, գուցե նաև, մեր մեղքով կուտակված, կգնա. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականության մեջ ես էմոցիոնալ եմ, Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ ընդունել քննադատությունը, երբեմն, գուցե, մենք ավելի էմոցիանալ ենք դառնում, քան պետք է», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետք է էմոցիոնալ շփվել միմյանց հետ, բայց դա չպետք է դառնա փոխադարձ ատելություն, մարդկանց յուրայինների ու օտարների բաժանելու գործընթաց։
«Հայաստանում պետք է լինի առողջ մթնոլորտ, մենք բանավեճի նոր կուլտուրա պետք է մտցնենք։ Բանավեճը չպետք է մեր կյանքի ոչ քաղաքական հատվածի վրա ազդեցություն ունենա», - ասաց նա։
Վարչապետը նշեց՝ իրար հետ չհամաձայնելու կուլտուրան չպետք է դառնա մեկը մյուսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառ։
«Ես կոչ եմ անում ատելությանը ատելությամբ չպատասխանել, զզվանքին զզվանքով չպատասխանել, որովհետև, մենք, ի վերջո, սիրո ու համերաշխության Հայաստանում ենք ապրում։ Այո՛, մեզ կարող են ատել, չնայած կուզեմ, որ չատեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց՝ հանրաքվեի արդյունքում լարվածությունը պետք է թոթափվի Հայաստանից։
«Հույս ունեմ, որ էդ նեգատիվը, գուցե նաև, մեր մեղքով կուտակված, կգնա, որովհետև մենք թեման փակված կհամարենք», - ասաց նա։