10/03/2020 16:02
Փաշինյանի բրյուսելյան այցն ուղղված էր հանրաքվեի համար դրական ֆոն ստեղծելուն. Փորձագետ
Փաշինյանի բրյուսելյան այցը ոչ թե Եվրամիություն-Հայաստան օրակարգի առաջմղմանն էր ուղղված, այլ հանրաքվեի համար դրական ֆոն ստեղծելուն, սակայն Եվրոպայից դրական գնահատականներ չհնչեցին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ամեն ինչ, այդ թվում՝ այցից հետո պաշտոնական հաղորդագրությունները, ցույց են տալիս, որ այցն ավելի կարևոր էր Հայաստանի իշխանության, քան Եվրամիության համար, հետևաբար նաև օրակարգը հայկական էր: Հիմնական նպատակը մեկն էր՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ դրական ֆոն ապահովել, համոզվել, որ Եվրոպայից քննադատող հայտարարություններ չեն հնչի գործընթացի օրինականության և ՍԴ-ի նկատմամբ ճնշումների հետ կապված», - նշեց նա:
Փորձագետն ուշադրություն է հրավիրում քննարկումների բովանդակության վրա:
«Վարչապետի պաշտոնական կայքում տեղ գտած մամլո հաղորդագրություններում շեշտվում է հատկապես բարեփոխումների իրականացման հարցն ու Եվրամիության հետ այդ հարցում համագործակցության շուրջ քննարկումները: Այստեղ վարչապետի համար կարևոր էր դրական գնահատական ստանալ այդ բարեփոխումների հետ կապված, սակայն այդ գնահատականը չի հնչել», - ասաց Կարապետյանը:
Նրա դիտարկմամբ ներքաղաքական օրակարգն ստվերել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում կարևոր այլ հարցեր: «Սա Եվրահանձնաժողովի կազմից և ԵՄ բարձր պաշտոնյաների փոփոխությունից հետո Հայաստանի ղեկավարի առաջին շփումն էր նրանց հետ: Սկզբից ևեթ շփումները ներքաղաքական օրակարգի հարցերով սկսելն ու դրանց շուրջ պայմանավորվածությունների գալու փորձերը դժվար է դրական մեկնարկ համարել հետագա համագործակցության համար», - նշեց Կարապետյանը:
Փորձագետն ասաց նաև, որ վերջին շրջանում կրկին խոսվում էր Հայաստանի համար ներդրումային համաժողով անցկացնելու մասին, սակայն այցն ամփոփող կողմերի հաղորդություններում այդ մասին ընդանրապես չի հիշատակվում: Հստակ չէ նաև, թե մենք ինչ առաջընթաց ունենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցերում:
«Այս ամենի մասին խոսելու փոխարեն մենք փոխում ենք քննարկման առարկան ու համագործակցության որակը, խախտում են բալանսները՝ դրանով իսկ մեր համար ռիսկեր ստեղծելով», - ասաց նա: