11/03/2020 18:56
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքից ազատ է արձակվել
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքից ազատ է արձակվել, լրագրողներին ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
«Դատարանը որոշել է բավարարել վերաքննիչ բողոքը և մերժել քննիչի միջնորդությունը կալանքը երկարաձգելու մասին։ Որոշվեց, որ Թավադյանը պետք է ազատ արձակվի։ Որոշման պատճառը հիմնավոր կասկածի բացակայությունն է», - ասաց Խուդոյանը։
Նրա խոսքով, հաստատվում է այն, ինչ ասում էին, այն է՝ այս ընթացքում Արմեն Թավադյանն ապօրինի է գտնվել կալանքի տակ։
«Ակնկալում ենք դրա իրավական հետևանքները տեսնել առանձին պաշտոնատար անձանց քրեական հետապնդումների տեսքով», - ասաց Խուդոյանը։
Նա ասաց նաև, որ առգրավված իրերը չեն վերադարձվել:
«Առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարություններով: Մենք համոզմունք ունենք, որ դա կատարվել է պարոն Թավադյանի կողմից ֆինանսավորվող մեդիա գործունեությանը խոչընդոտելու համար, որովհետև վարույթն իրականացնող մարմնին հիմնավորվել ենք, որ այն, ինչ առգրավվել է, ուղղվել են «5-րդ ալիքի» ֆինանսավորմանը և դրա ապացույցներն առկա են: Դա օդից հնարած փաստարկ չէ, մշտապես նա ֆինանսավորել է այդ ալիքը, իսկ այս հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված չի ենթադրում որևէ կերպ գույքի բռնագրավում կամ բռնագանձում», - ասաց նա: