11/03/2020 19:18
«Ադրբեջանական համայնքը» սկսել է ընկալվել որպես կարգավորման գործընթացի դերակատար. Փորձագետ
Չնայած պաշտոնական Երևանի որակումներին՝ միջազգային հանրության մոտ, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքն սկսում է ընկալվել որպես կարգավորման գործընթացի դերակատար: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Այդ միավորի ղեկավարի և Ադրբեջանում բրիտանական դեսպանի՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպիման մասին դեսպանի գրառումը ցույց է տալիս, որ այն, ինչպես նաև մինչ այդ տեղի ունեցած հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որևէ կերպ չի կարելի բնութագրել որպես շարքային հանդիպում շարքային ՀԿ-ի ղեկավարի հետ, ինչպես փորձում է ներկայացնել մեր ԱԳՆ-ն», - նշում է Վարդանյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ բոլոր երկրները ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են:
Փորձագետի կարծիքով՝ առաջիկայում Ադրբեջանն ավելի է ակտիվացնելու այս ուղղությամբ իր ջանքերը: «Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ և հետևողական աշխատանք է իրականացնում է իր այդ կեղծ միավորի դերակատարումը կարգավորման գործընթացում մեծացնելու ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից այդ, այսպես կոչված, համայնք լեգիտիմացնելուց և վերջինիս ղեկավարի պատգամավոր ընտրվելուց հետո ակնկալվում է, որ այդ ուղղությամբ ադրբեջանական ջանքերն ավելի են ակտիվանալու», - նշում է նա:
Վարդանյանի խոսքով՝ եթե մեր ԱԳՆ-ն շարունակի խնդիր չտեսնել Ղարաբաղյան կարգավորման համատեքստում այս համայնքի ակտիվացման մեջ, ցավոք, առաջիկայում ևս Բաքուն հաջողություններ է գրացնելու այս ուղղությամբ: «Նույնիսկ եթե ոչ այս փուլում, սակայն այդ կեղծ միավորի լեգիտիմացման և միջազգային հանրության մոտ որպես կարգավորման գործընթացի դերակատարի ընկալման մեծացման արդյունքում հայկական կողմերը բանակցային գործընթացում բախվելու են լուրջ մարտահրավերների, որոնց մասին շատ է խոսվել», - նշում է նա:
Փորձագետը չի բացառում, բայց և քիչ հավանական է համարում, որ ԱԳՆ-ն այդ մարտահրավերների դեմ դիվանագիտական խողովակներով լուրջ աշխատանք է իրականացնում: «Հայկական կողմի հակազդեցությունը որևէ կերպ տեսանելի չէ», - նշում է նա: