12/03/2020 15:20
«Հայհոյում են, ջհանդամը թե չեն հայհոյում, իրանց գլխին կպնի». վարչապետի համար անընդունելի են «Հեղափոխության պահապանները» (Տեսանյութ)
Վայքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Հեղափոխության պահապաններից», ովքեր երեկ գնացել ու հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ արած երիտասարդի հետ։
«Սա անընդունելի է ինձ համար, մանավանդ, որ ես երկու օր է՝ խոսում եմ, որ մենք հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք, բայց մարդիկ մեր անունից գնում են ու նման գործողություններ են անում, այսինքն իրենց անունից են անում՝ ի պաշտպանություն մեզ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ դատապարտում է նման գործողությունները։
«Հայհոյում են, ջհանդամը թե չեն հայհոյում, իրանց գլխին կպնի հայհոյանքը, կարևորն այն է, թե այդ հայհոյանքի, մեղադրանքի հիմքում ճշմարտություն կա՞, թե՞ չկա», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այսօր Հայաստանում կա վստահության մթնոլորտ։
«Ոմանց երազանքներն էս վերջին երեք օրում փշուր-փշուր եղան, փուլ եկան, որովհետև նրանց հույսն այն էր, թե վերջ, ժողովուրդը հիասթափվել է, ժողովուրդը չի կարող հիասթափվել», - ասաց Փաշինյանը։
Նշենք, որ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող երիտասարդները նախօրեին տեսանյութ են տարածել, որում օրեր առաջ մետրոյում «Այո»-ի բուկլետը պատռող և վարչապետի վրա նետող աղջկա հետ հեռախոսազանգով խոսող տղամարդուն ստիպում են ներողություն խնդրել վարչապետի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։