17/03/2020 14:43
Կասկածներ ունենք, որ դատական նիստը միտումնավոր է հետաձգվել. Հայկ Ալումյան
ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, որոնք այսօր դատարանում պետք է հանդես գային ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ, վերջինիս փաստաբանների կողմից տեղեկացվել են, որ դատական նիստն այսօր չի կայանալու, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Սա էր պատճառը, որ նրանք այսօր դատարանում չէին: Ընդհուպ մինչև ուրբաթ օրը մենք զանգել ենք և համառորեն փորձել ճշտել՝ կարո՞ղ է այսօր դատական նիստը չկայանալ: Հավաստիացրել են, որ երեքշաբթի դատական նիստը տեղի է ունենալու, որից հետո ես մուտք եմ արել նախկին վարչապետների երաշխավորական նամակները, և հանկարծ այսօր իմանում ենք, որ դատական նիստը չի կայանալու:
Շատ լուրջ հարցեր են առաջանում, և մյուս դատական նիստին դատարանն ավելի մանրամասն պետք է ներկայացնի իր առողջական խնդիրները, ասի, թե որտեղ է բուժում ստացել, որ համոզվենք՝ այս ամենը չի արվել երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունն անհնարին դարձնելու համար: Դատարանը պետք է սպառիչ տեղեկություններ ներկայացնի: Մենք որոշ կասկածներ ունենք, որ այս ամենն արվեց միտումնավոր, որպեսզի երաշխավորները հետագայում Հանրապետությունում չլինեն, և ես լուրջ կասկածներ ունեմ, որ նրանցից մեկի կամ երկուսի համար դատարան գալը դարձնեն անհնար», - ասաց Հայկ Ալումյանը:
Վերջում փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս լիարժեք չի ապաքինվել, ստացիոնար բուժման ցուցումներ կան: