20/03/2020 11:34
Եթե մարդը բազային կրթությունը ճիշտ չի ստացել, մագիստրատուրայի դեպլոմն իրան այնքան է պետք, ինչքան հիմա ինձ՝ Չինաստանի ուղեգիրը․ Գևորգ Պետրոսյան
«Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ և լրացումներ են առաջարկում Դատական օրենսգրքում։
«Մենք քննարկել ենք և եկել ենք այն կարծիքի, որ առանց բակալավրի՝ միայն մագիստրատուրա ավարտած անձի դատավոր դառնալը ճիշտ չէ, որովհետև բոլոր դեպքերում հիմնական կրթությունը նա բակալավրում է ստանում։ Շատ լավ է, որ անձը և մագիստրատուրայում սովորի, և բակալավրում», - քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը։
Նա ընդգծեց, որ իրենք առաջարկում են անփոփոխ թողնել դրույթը, որ դատավոր կարող է դառնալ անձը, ով ունի և բակալավրի, և մագիստրոսի աստիճան՝ փոխարենն ավելացնելով ևս մեկ դրույթ, որ դրան զուգահեռ դատավոր կարող է դառնալ անձը, ով ունի միայն բակալավրի աստիճան և 15 տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ։
«Բակալավր և մագիստրատուրա ավարտածը կարող է դատավոր դառնալ, իսկ եթե անձը միայն ունի բակալավրի կրթություն, ապա 15 տարվա աշխատանքային ստաժ պիտի ունենա», - ասաց նա։
ԱԺ ԲՀ խմբակցության պատագմավոր Գևորգ Պետրոսյանն էլ նկատեց, որ եթե անգամ անձը ունի բակալավրի և մագիստրոսի աստիճան, ճիշտ չէ, որպեսզի նա աշխատի՝ առանց մասնագիտական ստաժ ունենալու։
«Պրակտիկ աշխատանքը շատ ավելի մեծ բան է տալիս։ Ես սա ասում եմ նաև որպես դասախոս, որովհետև, եթե մարդը բազային կրթությունը ճիշտ չի ստացել, մագիստրատուրայի դեպլոմն իրան այնքան է պետք, ինչքան հիմա ինձ Չինաստանի ուղեգիրը։ Եթե բազային կրթությունը նորմալ է ստացել, իրեն պետք է աշխատանքային փորձ։ Ես ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ, բայց չէի կարող դատավոր աշխատել, դրանից հետո փորձ ա պետք», - ասաց նա։
Դավթյանի այն դիտարկմանը, որ կառավարության կողմից մեկ այլ օրենքում առաջարկած փոփոխությամբ երեք տարի ստաժ է նախատեսվում դատավորի համար, Պետրոսյանը կոչ արեց մեկ օրենքում համախմբել դատավորի համար անհրաժեշտ բոլոր պահանջները, որպեսզի մարդ մեկ օրենք բացի և հասկանա, թե ինչ պահանջներ են անհրաժեշտ դատավոր դառնալու համար։