21/03/2020 09:52
«Ժողովուրդ». Չնայած ԱԱԾ-ն Վահագն Վերմիշյանի գործին մեծ «շուքով» ընթացք է տվել, սակայն որևէ բան չի արվում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով իրեն տեղեկություն տրամադրել, թե ովքեր են այն 6 անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով: Անի Սամսոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյոք իրեն հաջողվել է պարզել այն անձանց անունները, ովքեր Վերմիշյանի գործով անցնում են: Պատգամավորը մեզ փոխանցեց, որ ինքը ԱԱԾ-ից պաշտոնապես տեղեկություն է ստացել, թե քննության շահերից ելնելով՝ որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել: Իսկ իշխանական շատ պատգամավորներ մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ ԱԱԾ-ն չնայած մեծ «շուքով» գործին ընթացք է տվել, սակայն որևէ բան չի արվում, իսկ այդ մարդիկ շարունակում են մնալ կալանքի տակ:
Նշենք, որ այս գործով կալանավորվել էր Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, ում նկատմամբ գրավ է կիրառվել: Իսկ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաև Շինարարների միության նախագահն է, այժմ կալանքի տակ է ԱԱԾ «պադվալում», ինչը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների շատերի սրտով չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: