24/03/2020 13:16
Ձեր ասածն օրենքից չի բխում․ դուք ստեղծագործական աշխատանքով եք զբաղվել․ Սերգեյ Բագրատյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին
«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ «Լուսավոր Հայաստանի» առաջարկը՝ փոփոխություններ կատարել Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում, չի աշխատելու․
«Նվիրատվությունը միակողմանի գործընթաց կարող է լինել։ Եթե ես միակողմանի նվիրաբերում եմ, էս օրենքն ընդունեցիք, ինչպե՞ս է ավագանին մինչև իմ նվիրաբերության գործարք կատարելը, որոշում կայացնելու՝ ես փոխանցում կատարե՞մ, թե՞ ոչ։ Նվիրաբերությունից հետո, այդ թվում՝ նաև համայնքը կարա հրաժարվի այդ գործարքից։ Ինչո՞ւ է այդ կարգավորումը տված, որովհետև կա միակողմանի գործարք կատարելու հնարավորություն, այդ դեպքում անհրաժետ է քաղաքացիական օրենսդրությունն ամբողջությամբ փոխել ու ասել, որ նվիրատվությունը չի կարող միակողմանի գործարք լինել, և նոր օրենքի նախագիծը կաշխատի», - ասաց նա՝ ավելացնելով․
«Դահլիճում որոշում ենք Երևանին նվիրել գումար կամ կամազներ, դուք ի՞նչ եք անելու, ոչ մի բան չեք կարող այս օրենքով անել, որովհետև գործարքն իմ նվիրաբերելուց հետո ավարտվում է, չի գործելու այս օրենքը, քաղաքացիական օրենսգիրքն է գործելու, որտեղ ասում է՝ ընդամենը կարող եք հրաժարվել»։
ԲՀ խմբակցության պատագամավոր Սերգեյ Բագրատյանը չհամաձայնեց պնդման հետ՝ նշելով, որ անհասկանալի է, թե ինչ խնդիր կարող է առաջացնել նվիրատվության ընթացքն ավագանիով անցկացնելու հարցը։
«Այն, ինչ դուք ասում եք, պարոն Բաղդասարյան, օրենքից չի բխում, դուք ստեղծագործական աշխատանքով եք զբաղվել», - դիմելով Նիկոլայ Բաղդասարյանին՝ ասաց Բագրատյանը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ համայնքի ավագանին հավանություն տա նվիրատվության ընդունմանն, այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվությունը գերազանցում է նվազագգույն աշխատավարձի 1000-ապատիկը։