25/03/2020 10:39
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ընդամենը 500 միլիոն է հավաքվել, իսկ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի համար 1 միլիարդի անարդյունավետ ծախս ենք կատարել. պատգամավոր
Ֆինանսական հաշտարարի գրասենյակն անարդյունավետ կառույց է: Այն աշխատում է արդեն 10 տարի և ամեն տարի միայն 64 միլիոն դրամ գրասենյակի վարձակալության գումար է մուծում: Այսինքն՝ 10 տարում գրասենյակը 640 միլիոն դրամ վարձակալության գումար է վճարել, այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Գործուղումների համար 10 տարվա ընթացքում դուրս է գրվել մոտ 400 միլիոն դրամ: Ստացվում է՝ 10 տարում գրասենյակը 1 միլիարդ դրամի անարդյունավետ ծախս է կատարել: Երբ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ընդամենը 500 միլիոն է հավաքվել, այս գրասենյակի համար մենք 1 միլիարդի անարդյունավետ ծախս ենք կատարել»,- ասաց պատգամավորը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը չհամաձայնեց բանախոսի հետ՝ նկատելով, որ կառույցի արդյունավետությունն ապահովված է, ծախսերը՝ արդարացված: