25/03/2020 13:39
Քրեակատարողական հիմնարկներում «քյասիբ» չկա․ Բադասյան
Գրավը՝ որպես խափանման ինքնուրույն միջոց կիրառելուց կարող են օգտվել հարուստները՝ խափանման միջոցը հիվանդանոցում անցկացնելով, ԱԺ-ում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մենք գիտենք հայտնի մարդկանց, անուններ չեմ ուզում տալ, որ չասեն անձնավորում ա, ովքեր իրենց խափանման միջոց կալանքը կրում են հիվանդանոցում, ընդ որում՝ ամիսներով, հիմա քանի՞ կոպեկի արժեք ունի, երբ ինքը դոլարով միլիոնատեր է ու հիվանդանոցում է պառկում, էն մեկը «քյասիբ ա», նա էլ քրեակատարողական հիմնարակում է կրում պատիժը», - ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ եթե գրավին նման հիմնավորում տրվի, ապա պարզ է, որ քննիչի նման որոշումը ավտոմատ համաձայնեցված է լինելու դատավորի հետ և չի բողոքարկվելու։
«Չկա՞ այդ վտանգը, որ ով փող ունի, կօգտվի այս հնարավորությունից, ով չէ, կմնա քրեակատարողականում», - ասաց Մարուքյանը։
Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ որևէ խափանման միջոց ինքնապատակ չէ և դրանք ընտրելիս պետք է հաշվի առնվի, թե որքանով է դա արդյունավետ դրված նպատակներին հասնելու համար։
«Ինչ վերաբերում է քրեակատարողականներում գտնով փող ունեցողներին և չունեցողներին, նշեմ, որ քրեակատարողական հիմնարկներում «քյասիբ» չկա, կառավարությունն ամեն ինչ արել է նրա համար, որ անձինք, ովքեր ցուցումով բժշկական օգնության կարիք կունենան, ստանում են։ Այսինքն՝ բոլորը հնարավորություն ունեն դրանից օգտվելու, ինչ վերաբերում է հարուստներին, ովքեր կարող են դա չարաշահել և հիվանդանոցում մնալ, այնպես չէ՝ նրանք հիվանդանոցում ազատ շփում են ունենում իրենց շրջապատի հետ, երկրորդ՝ պիտի վստահ լինենք, որ եթե անձը անկախ հարուստ կամ ոչ հարուստ լինելուց, ունի խնդիր, պիտի բուժումը ստանա համապատասխան», - ասաց նախարարը։
Կառավարության կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ գրավը սահմանվում է որպես առանձին խափանման միջոց և բացառվում է որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառել։ Այսպիսով, գրավը կիրառվում է որպես ինքնուրույն խափանման միջոց։ Եթե ներկայումս գործող կարգավորմամբ գրավը կիրառվում է բացառապես դատարանի որոշմամբ, նախագծով առաջարկվում է գրավը կիրառել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ՝ ելնելով դրա՝ որպես առանձին խափանմանմիջոց կիրառելու հանգամանքից։