26/03/2020 15:15
Էրեբունիում շանը մեքենայից կապած ու քարշ տված անձը հայտնաբերվել է ու տարվել բաժին
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։
«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ էր հրապարակել և հայտնել, որ մի քաղաքացի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս:
Նա դիմել էր ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ հայտարարելով, որ հրապարակումն ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին։