31/03/2020 11:23
Նժարի վրա մարդկանց կյանքն ու առողջությունն են, այլ պարագայում կառավարությունը նախագիծը հետ կկանչեր. Բադասյան
Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, հասկացնելու հասարակությանը, թե ինչու պետք է արտակարգ դրության պայմաններում գնալ քաղաքացիների հիմնական իրավունքների որոշակի սահմանափակումների, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստ Բադասյանը՝ կրկին պնդելով քաղաքացիների զանգերի վերահսկման անհրաժեշտությունը:
«Մենք ապավինում ենք գիտութանը և մասնագետների կարծիքին, որոնք մանրամասն ուսումնասիրել են Իսրայելի, Չինաստանի և այլ երկրների փորձը՝ գտնելով, որ սա ամենաարդյունավետ գործիքն է: Վարակի դեմ պայքարելու համար պետք են հենց այսպիսի միջամտություններ: Որևէ անձի մասին, եթե նա ռիսկի գոտում չէ, վերլուծություն չի իրականացվելու: Նժարի վրա մարդկանց կյանքն ու առողջությունն են, մյուս կողմից՝ ազատությունների համաչափ սահմանափակումը: Այլ պարագայում կառավարությունը նախագիծը հետ կկանչեր», - ասաց նա:
Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ նախագծում լրամշակումներ են կատարվել:
«Մասնավորապես բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորույթունը, բացառվել է ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը և սահմանվել է, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ քան արտակարգ դրության ավարտից մեկ ամիս հետո»,- ասաց Ռուստամ Բադասյանը: