31/03/2020 12:06
Նախագիծը որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին և վնաս է հասցնելու մեր երկրի ժողովրդվարության ու ազատություններին․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջինից երկրորդ ընթերցում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջարկներ չի ներկայացրել։
«Մենք առաջարկներ չենք ներկայացրել, որովհետև կարծում ենք, որ նախագիծն իր էությամբ սխալ է։ Այն որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին և վնաս է հասցնելու մեր երկրի ժողովրդվարության ու ազատություններին», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ փաստացի իշխող խմբակցության պատգամավորները ևս մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնք, սակայն չեն ընդունվել։
«Ամբողջ նախագիծն իր էությամբ դեմ է ժողովրդավարության տրամաբանությանը։ ԵԽ անդամ երկրներում և ԵՄ երկրներից որևէ մեկում նման բան չի արվել։ Այստեղ Հարավային Կորեայի օրինակն է բերվում, Հարավային Կորեան ո՞ւր, Հայաստանն ո՞ւր։ Ընդհանրապես անհամեմատալի է», - ասաց Մարուքյանը։
Ավելի վաղ իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել էր, որ խմբակցության կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են, և փաթեթը փոփոխությունների է ենթարկվել։