31/03/2020 13:34
Տնտեսական օժանդակությունը պետք է լինի այնպիսին, որ մաքսիմալ արժանանա բիզնեսի արձագանքին. փորձագետ
Պետք է հետևել` ինչ արձագանք կունենա բիզնեսը Կառավարության կողմից ներկայացված օժանդակության գործիքներին: Բիզնեսի արձագանքը կլինի այդ գործիքների արդյունավետության ցուցիչներից մեկը. տնտեսական օժանդակությունը պետք է լինի այնպիսին, որ մաքսիմալ արժանանա բիզնեսի արձագանքին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը` մեկնաբանելով Կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի հետևանքների մեղմման տնտեսական նախագիծը:
«Բիզնեսին աջակցության ծրագիրը փաստացի Կառավարությունն իրակացնելու է վարկային գործիքով, ինչը, չնայած արտոնյալ ռեժիմի գործարկմանը, միևնույն է` վարկային բեռի ավելացում է: Այս իմաստով Կառավարության օժանդակությունն իսկզբանե դատապարտված է ռիսկին, որ տնտեսվարող սուբյեկտը կնախընտրի սեփական ծախսերի օպտիմալացման ճանապահով գնալ, փոխարենը վարկային բեռի ավելացման, որը ինչ-որ ժամկետից սկսած պիտի մարվի: Ծախսերի օպտիմալացման ներքո, չի բացառվում, որ տնտեսվարող սուբյեկտները աշխատակազմ կրճատեն, կամ աշխատաժամեր` ըստ այդմ նվազեցնելով աշխատավարձային պարտավորությունները և այլն»,- մանրամասնեց Լ. Ամիրխանյանը:
Ֆինանսական օժանդակության ներկայացված փաթեթներն, ըստ նրա, ավելի շատ բնորոշ են հետճգնաժամային իրավիճակներին, երբ որոշակիորեն կրճատված է անորոշությունը. «Այն իրավիճակում, երբ արդեն կնշմարվեն տնտեսական վարեձևակեպումները, այդ թվում` գլոբալ, տնտեսվարող սուբյեկտը կգնա ընդառաջ Կառավարության կողմից մեկնված ձեռքին` որոշակի երաշխքիներ ունենալով, որ նոր միջավայրում, սպառողական նոր վարքագծի պայմաններում կունենա առնվազն իրացվելիություն: Մենք դեռևս այդ փուլում չենք, և բիզնեսին աջակցությունը, պիտի դուրս գա նոր պարտքի ավելացման ընկալումից»:
Ի պատասխան մեր կողմից հիշատակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն պնդման, որ պետության կողմից ուղիղ ֆինանսավորումները կամ գրանտներն արդյունավետ չեն, Լիլիա Ամիրխանյանը նշեց.
«Այո', նմանօրինակ միջոցառումների համատարած կիրառման արդյունքում մենք կունենանք կարճաժամկետ էֆեկտ և, բացի դրանից, բիզնեսը կդատապարտվի որոշակի ծուլության: Մինչդեռ այլ պատկեր կունենայինք, եթե իրականացնեինք խառը աջակցության քաղաքականություն` տարանջատելով խոշոր, արտադրողականության բարձր ցուցիչ ունեցող և համեմատաբար փոքր բիզնեսները: Փոքր ու միջին բիզնեսին, որոշակի սահմանված խնդիրների ապացուցողականության պայմաններում, այո', պետք է նաև դիտարկել գրանտների տրամադրման հավանականությունը, որոշակի պարտադիր վճարների ամբողջական կամ մասնակի ներումը կամ սառեցումը, քանի որ նույն անտոկոս վարկային գործիքը խոշորի ու փոքրի համար բնավ նույն արդյունավետությունը չունի»: