01/04/2020 21:04
Գազի սակագնի շուրջ հայկական կողմի քայլերը Հայաստանի համար կարող են ոչ շահեկան նախադեպ ստեղծել. փորձագետ
Հավանականությունը, որ Հայաստանը գազի գնի շուրջ բանակցություններում կշահեր, շատ ավելի մեծ կլիներ, եթե առնվազն չխախտվեր քայլերի որոշակի տրամաբանությունը` մեզ համար ստեղծելով ոչ շահեկան նախադեպ, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը` խոսելով «Գազպրոմ Արմենիայի» կողմից ՀԾԿՀ-ին սպառողների համար գազի սակագինը թանկացնելու հայտի մասին:
«Նավթի համաշխարհային և մասնավորապես ռուսական շուկայում, ընդ որում, մինչ «ՕՊԵԿ պլյուս» ձևաչափում վերջին անհամաձայնությունները, բոլոր նախադրյալները ստեղծվել էին, որպեսզի մենք էլ կարողանայինք գազի սակագինն իջեցնելու շուրջ բանակցություններում հաջողել կամ առնվազն կարողանալ պահպանել եղած սակագինը սպառողի համար` հաշվի առնելով մեր երկկողմ պայմանագրի որոշակի առանձնահատկությունները»:
Փորձագետը պնդում է. կորոնավիրուսի ճգնաժամի տնտեսական հետևանքները, նավթի գնանկումը` պայմանավորված «ՕՊԵԿ պլյուս» կարտելում առաջացած խնդիրների հետ, իհարկե շահառու կողմի համար, այս դեպքում` Հայաստանի, կարող էր այսպես ասած բանակցություններում շահարկվեր, ի նպաստ մեզ համար դրական արդյունքի, սակայն դրա իրականացման ձևը պետք է լիներ խիստ հաշվարկված, հատկապես, եթե գործ ունես ռազմավարական դաշնակցի հետ:
«Փաստացի մենք ունենք որևէ տրամաբանության մեջ չմտնող երկու զուգահեռ գործընթացներ, որոնք անպայման կազդեն «Գազպրոմի» որոշման վրա: Մի կողմից վարչապետ Փաշինյանի նախաձեռնած հեռախոսազրույցն է Լուկաշենկոյի հետ, որում կողմերն արձանագրել են ռուսական նավթի` շուկայականից բարձր լինելու հանգամանքը կամ այլ կերպ ասած միասնական բողոք երրորդի նպատմամբ, առանց վերջինիս մասնակցության, վստահ եմ նաև` իմացության: Բոլորովին այլ կլիներ պատկերը, եթե նման նախաձեռնությամբ, թեկուզ Հայաստանը, հանդես գար ԵԱՏՄ անդամ երկրների հետ` էներգակիրների միասնական շուկայի ձևավորման խնդրի համատեքստում, առավել ևս, որ հարցը Միության օրակարգում կա: Պարզապես լիներ նախաձեռնողականություն հարցի լուծումն արագացնելու նպատակով, ինչը կլիներ շատ ընկալելի, այդ թվում` ռուս գործընկերների համար, իհարկե որպես Միությունում մեր ռազմավարական դաշնակից երկիր` ՌԴ-ի հետ ունենալով նախապես կոնսուլտացիաներ այդ հարցի շուրջ: Այդ պարագայում Հայաստանը ՌԴ հետ նաև առանձին` երկկողմ ձևաչափում կարող էր ֆորս-մաժորային դրությունից ելնելով Հայաստանի համար գազի սակագնի թանկացման երկարաձգման խնդրի օրակարգը շրջանառեր: Բայց այս ձևով հարցը ՀՀ-Բելառուս ինչ-որ անհայտ նպատակների է նմանվում և չի մտնում ԵԱՏՄ տրամաբանության մեջ», - ասաց նա։
Լիլիա Ամիրխանյանը շեշտեց, որ այս ամենում առանձին, բայց ոչ պակաս մտահոգիչ հանգամանք է Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի հայկական պաշտոնական հաղորդագրության տարբերությունը բելառուսականից:
«Հայկականում չկա անդրադարձ ռուսական գազի գների շուրջ քննարկմանը», - նշեց նա:
«Մյուս կողմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակն է Միլլերին, որում նշվում է կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում գազի գների շուրջ նոր բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Երկու հիմնական խնդիր ունենք այստեղ: Նախ Միլլերին նամակն ուղղվում է մարտի 31-ին` ՀԾԿՀ-ին ներկայացված «Գազպրոմի» հայտից ընդամենը մեկ օր առաջ: Ըստ էության շատ ուշ: Եվ երկրորդ, արդյո՞ք սա լիարժեք հաշվարկված քայլ է և գիտակցո՞ւմ է իշխանությունը, որ երկարաժամկետ պայմանավորվածությունների մշակույթից իրավիճակային լուծումների անցման նախադեպ է ստեղծում: Այսինքն, շատ լավ առիթ, որ այսուհետ, համաշխարհային ինչ-ինչ փոփոխությունների արդյունքում, եթե էներգակիրների գները կտրուկ աճեն, մեզ վաճառվող գազի գինը ևս բարձրացնելու շուրջ բանակցությունների առաջարկ կհնչի ռուսական կողմից: Եթե նույնիսկ այս պահին մենք հասնենք որոշակի հաջողության, սա բացարձակապես պետության համար շահավետ նախադեպ չէ», - ամփոփեց Լիլիա Ամիրխանյանը: