04/04/2020 16:12
«Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ)
«Ռուսաստանում բնակվող և Հայաստան վերադառնալ ցանկացող հայերը հայտնվել են անելանելի վիճակում։ Մի քանի օր է՝ նրանք լուսացնում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, մի մասն էլ՝ ավտոբուսներում։ Մարդիկ չեն կարող տալ իրենց բնակարանների վարձերը, քանի որ զրկվել են եկամուտից և ուզում են վերադառնալ հարենիք, բայց առայժմ չի ստացվում։ Այստեղ խայտառակ վիճակ է», - Aysor.am-ին ահազանգեց «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն։
Վերջինս տեղեկացրեց, որ իր ազգականների մի մասն էլ ավտոբուսներով է փորձում վերադառնալ Հայաստան, նրանք էլ մի քանի օր է՝ Լարսի անցակետում են կանգնած, բայց ասում են՝ հայկական կողմը դեռևս համաձայնություն չի տվել Վրաստանով նրանց մուտքը կազմակերպելու համար։ Նա ասաց նաև, որ Մոսկվայի օդանավակայանում և Լարսի անցակետում ընդհանուր ավելի քան 500 քաղաքացի կա։
«Եղբորս տղան ճշտել է, որ Հայաստանում էսքան մարդ ընդունելու, թեստավորելու ու մեկուսացնելու հնարավորություն չկա, դրա համար են մեզ անտերի պես պահում օդանավակայանում։ Բայց սա անելու բա՞ն է։ Մենք արդեն մի շաբաթ է՝ չոր աթոռներին ենք։ Մյուսներն էլ՝ երեք օր է ավտոբուսի մեջ են քնում, ես բառեր չեմ գտնում էս իրավիճակը նկարագրելու համար։ Մենք երեք օր է՝ ում ասես դիմել ենք, գոնե մի բան անեն մեզ այս վիճակից ազատելու համար», - ասաց քաղաքացին՝ հավելելով, որ թեև ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսվում, բայց այնտեղ 4-5 ինքնաթիռ մարդ կա, որոնց ճակատագիրն անհայտ է։
Խնդրի մանրամասները և քաղաքացիներին վերադարձնելու համար ձեռնարկվող քայլերը պարզելու համար Aysor.am-ը դիմել է ՀՀ պարետատուն։ Պատասխաններ ստանալուն պես՝ դրանք կհրապարակենք։
Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Aysor.am-ին փոխանցեց, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան։
«Վերջին 30 րոպեի տվյալներով, «Վերին Լարս» անցակետում ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան», - ասաց նա։
Նաղդալյանը ընդգծեց, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, քանի որ «Վերին Լարս» անցակետը փակ է մարտի 18-ից, և բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։
Թեմային առնչվող նախորդող մանրամասներին ծանոթացեք այստեղ.
ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները՝ իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար. Նաղդալյան
«Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ապրիլի 6-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը