04/04/2020 13:26
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը սմարթֆոններ ու համակարգիչներ է նվիրել Քաշաթաղի դպրոցականներին. առաջին հեռավար դասն անցկացրել է Արթուր Վանեցյանը (Տեսանյութ)
«Հայրենիք» զարգացման հիմնադրամն «Արցախ-Հայրենիք» ռազմավարական ծրագրի շրջանակներում առաջին նախագիծն է իրականացրել Արցախում:
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԱՀ անվտանգության ապահովման կենսական և ռազմավարական նշանակության տարածքներից է։ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված Արցախում ևս անցել են հեռավար ուսուցման, սակայն Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներում երեխաները զրկված էին հեռավար դասապրոցեսի իրականացման հնարավորությունից, տեղեկացնում են հիմնադրամից։
«Հայրենիք» զարգացման հիմնադրամն՝ արձագանքելով մանկավարժների և աշակերտների խնդրանքին, Բերձորի և հարակից համայնքների դպրոցականներին նվիրել է ինտերնետ հասանելությամբ սմարթ հեռախոսներ և նոթբուքեր՝ հեռավար ուսուցման պայմաններում ապահովելով երեխաների կրթության շարունակականությունը:
Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը հայրենասիրության թեմայով էր: Այն անցկացրել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նա ողջունել է աշակերտներին, ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ, պատասխանել դպրոցականների բազմաթիվ հարցերին:
«Արցախում մեր հաղթանակները սկսեցին հենց Լաչինի ազատագրումով, այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք», - նշել է Արթուր Վանեցյանը: