04/04/2020 14:06
Թրամփն աշխատանքից ազատում է հետախուզության գլխավոր տեսուչին, որն առանցքային դեր է խաղացել իմպիչմենտի գործում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որ մտադիր է աշխատանքից ազատել հետախուզական ծառայությունների գլխավոր տեսուչ Մայքլ Ատկինսոնին, որն առանցքային դեր է խաղացել ամերիկյան առաջնորդի իմպիչմենտի գործարկման գործընթացում: Այս մասին հայտնում է «The Washington Post»-ը:
30 օրվա ընթացքում Ատկինսոնը պետք է լքի իր պաշտոնը:
«Անհրաժեշտ է, որ ես լիովին վստահեմ գլխավոր տեսուչի պաշտոնում նշանակված մարդկանց: Դա այլևս չի վերաբերում այս տեսուչին», - նշել է Թրամփը:
Հրապարակման համաձայն՝ նախագահը մի քանի ամիս մտածում էր Ատկինսոնին աշխատանքից հեռացնելու հարցի շուրջ:
Անցյալ տարի Ատկինսոնն ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է հետախուզական ծառայությունից բողոք ստանալու մասին: Դա վերաբերում էր ԱՄՆ նախագահի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսյան հեռախոսազրույցին:
Զրույցի բովանդակությունն, ի վերջո, հիմք է դարձել Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: