09/04/2020 10:09
«Ժողովուրդ». Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում փոփոխություններ են եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արտակարգ դրության և կորոնավիրուսի համաճարակի տարածման հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ: Վարչապետի որոշմամբ հաստատվել էր նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը:
Հանձնաժողովի գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, պետք է մշակվեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովվեր դրա հանրային քննարկումը և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակվեր ու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Սակայն այս ընթացքում՝ հանձնաժողովի կազմավորումից ի վեր, երկու նիստ է անցկացվել։ Հիմնականում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը, և հաստատվել է աշխատանքային պլանը։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ վերը թվարկված աշխատանքային ժամանակացույցի մեջ փոփոխություններ կլինեն, և առաջիկայում այդ մասին նաև պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Աշխատանքները կվերսկսվեն միայն արտակարգ դրության ավարտից հետո»: