09/04/2020 11:54
ՀԴՄ կտրոններ չթողարկած միկրոձեռնարկատերերն աջակցություն չեն ստանա. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօր ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 10-րդ միջոցառումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակաճգնաժամային այս միջոցառումներն ունեն օպերատիվ բնույթ:
«Բայց մեր որոշումների մեջ կա մի կարևոր առանձնահատկություն՝ ամեն ինչ անում ենք, որ այդ որոշումներն ունենան ռազմավարական կոմպոնենտ, որը կապ ունի մինչև այժմ վարած մեր քաղաքականության և ապագային միտված մեր քաղաքական պատկերացումների հետ:
Այս որոշումը նույնպես այն դեպքերից է, երբ որ կա այդպիսի ռազմավարական մոտեցում և հիմքում դրված է միկրոձեռնարկությունների գրանցած շրջանառությունը: Այսինքն, միկրոբիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առևտուրը հսկիչ դրամարկղային կտրոնների միջոցով, նրանք ավելի շատ աջակցություն կստանան, իսկ նրանք, ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա: Ինչու եմ ասում՝ այս ծրագրով, քանի որ սա տնտեսական աջակցության ծրագիր է և, ըստ էության, այս ծրագրով այդ մարդիկ տնտեսական գործունեություն չեն ծավալել և պետք է նայենք, թե նրանց ինչպիսի աջակցության փաթեթներ կարող ենք առաջարկել», - ասաց վարչապետը։
Նա ընդգծեց՝ իրենք իրենց բոլոր միջոցառումների մեջ հաշվի են առնում սոցիալական, տնտեսական, ռազմավարական կոմպոնենտը:
«Մենք այս շրջանում առավելագույնս պետք է խրախուսենք տնտեսվարող այն սուբյեկտներին, ովքեր նախաճգնաժամային ժամանակաշրջանում աչքի են ընկել իրենց օրինապահ կեցվածքով և գործելակերպով», - նշեց Փաշինյանը: