20/04/2020 20:27
Լրատվամիջոցները հիասթափված են, որովհետև շուտով նախկին իշխանության ներկայացուցիչները փող չեն ունենալու, որ ֆինանսավորեն. Նիկոլ Փաշինյան
Լրատվական դաշտի մեծ մասը վերահսկվել և փող է ստացել իշխանության կողմից, հիմա չի վերահսկվում և փող էլ չի ստանում, Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ լրատվամիջոցների վերաբերյալ իր երեկվա խոսքից հետո ոմանք հիշել են նախկինում իր կողմից ղեկավարված «Հայկական ժամանակ» թերթի մասին:
«Սա լավ առիթ է, որ «Հայկական ժամանակը» հանդես գա հաշվետվությամբ՝ վերահիմնադրման օրից», - ասաց նա՝ ավելացնելով, որ թերթը եղել է երրորդ հանրապետության ամենամեծ հարկատու օրաթերթը:
Փաշինյանի խոսքով՝ իր վարչապետ դառնալու առաջին օրից օրակարգում է եղել հարցը, թե ինչ կառուցակարգեր պետք է ստեղծվեն ԶԼՄ ազատության համար:
«Լրատվամիջոցների մի զգալի մասը հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունի, որովհետև այնտեղ էլ եղել են առնվազն միջնաժամկետ, երկարաժամկետ պլաններ, որոնք փլուզվել են: ԶԼՄ-ի մի շատ մեծ մաս շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ այդ իրավիճակը երկար չի տևելու, որովհետև շուտով նախկին իշխանության ներկայացուցիչներն ուղղակի փող չեն ունենալու, որ ֆինանսավորեն: Հետևաբար՝ ի՞նչ է լինելու այդ լրատվամիջոցների հետ: Մենք պետք է մտածենք՝ ինչ պետք է անել Հայաստանում խոսքի ազատությունը խթանելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը: