20/04/2020 11:51
Չեմ կիսում կարծիքը, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն․ Մակունց
Ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ, խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքին:
«Տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել՝ պրոֆեսիոնալիզմի տիրույթից, անփությության կամ նույնիսկ դիտավորության։ Մեզ համար առաջին հերթին սա տեղեկատվական անվտանգության խնդիր է։ Այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, որոնք ոչինչ չեն ասում անձնակազմի համար, բայց դա կարևորագույն խնդիր կարող էր լինել զուտ անվտանգության տեսանկյունից։ Հետևաբար առաջին հերթին հարցը հենց այդ կտրվածքով ենք դիտարկում և ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ։ Պատասխանատու անձինք կրելու են պատասխանատվություն։ Եթե կարճ ժամանակ անց դա տեղի չունենա «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ին հրավիրել խմբակցություն», - ասաց Մակունցը։
Դիտարկմանը, թե մամուլի խոսնակը ևս պիտի տեղյակ լիներ և հետևեր ազդանշանին, Մակունցն ասաց․
«Հնչում են կարծիքներ, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն և առաջինը նա պետք է պարզաբանումներ տա։ Ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհտեև վարչապետի մամուլի խոսնակը հստակ պատասխանատվության չափ և պարտականությունների ցանկ ունի, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը։ Այդ մասին տեղեկացնում է հենց այն անձնակազմը, որը դա իրականցնում է»։
Հիշեցնենք, որ վարչապետի ուղիղ եթերից առաջ նախապատրաստական փուլի կադրերը հայտնվել էին համացանցում։ Վարչապետի մամուլի խոսնակը մեղադրել էր Հանրային հեռուստաընկերությանը՝ նշելով, որ վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելը պիտի լիներ ոչ շուտ քան ուղիղ եթերից մի քանի վայրկյան առաջ։
Հ1-ի աշխատակից Վարդան Հակոբյանը արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանն՝ ասելով, որ ի պաշտոնե իրենց պարտականությունների մեջ չի մտնում զգուշացնել վարչապետին ուղիղ եթերի մասին։