21/04/2020 19:40
Լավրովի հայտարարությունը և Մնացականյանի արձագանքը ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունը հասարակության հետ բնավ էլ թափանցիկ չէ. փորձագետ
Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ այս հարցում ՀՀ իշխանությունը հասարակության հետ բնավ էլ թափանցիկ չի աշխատում, Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Այսօր ՌԴ ԱԳ նախարարը որոշակիորեն բացեց փակագծերը՝ ներկայացնելով, թե ինչ ուղղությամբ են ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները:
Մասնավորապես, 2019 թվականի ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիմանը սեղանին դրվել են փաստաթղթեր, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում», - նշել է Վարդանյանն՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետն ու արտաքին գործերի նախարարն այս ընթացքում մեկ անգամ չէ, որ վճռականորեն հերքել են բանակցային սեղանին որևէ փաստաթղթի առկայությունը:
«Ընդ որում, ՀՀ իշխանությունը շարունակում է այս հարցում մոլորեցնել հանությանը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, նշեց՝ սեղանին 2014 թվականի փաստատթուղթը չէ, այնինչ խոսքը 2019 թվականին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ բանակցային սեղանին դրված փաստաթղթերի մասին է, որի մասին Երևանը համառորեն հստակ դիրքորոշում չի հայտնում», - նշել է փորձագետը:
«Մեր ԱԳ նախարարը հայտարարում է, որ զիջումներ չեն լինելու: Նման պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում բանակցությունները փուլային տարբերակի շուրջ, որն այս էտապում նախատեսում է տարածքների զիջում և հաղորդակցության ուղիների բացում՝ ըստ Լավրովի: Ընդ որում, Զահրաբ Մնացականյանն էլ ասուլիսի ընթացքում անուղղակիորեն վերահաստատեց, որ բանակցություններն ընթանում են փուլային տարբերակի շուրջ՝ հայտարարելով, որ այս ընթացքում բանակցվել են առանձին կոմպոնենտներ», - ընդգծել է նա:
Փորձագետի կարծիքով՝ այսօր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսից առաջ, ՌԴ ԱԳ նախարարի մակարդակով բանակցային գործընթացի վերաբերյալ նման բացահայտումները Հայաստանի իշխանության նկատմամբ որոշակի ճնշում է՝ հստակեցնելու դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման շուրջ ընթացիկ բանակցությունների վերաբերյալ: