30/04/2020 00:17
Փաստաբանները մտավախություն ունեն, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի տեսագրությունները կարող են ոչնչացվել (Տեսանյութ)
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև այսօր տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունն առգրավվել է դեպքի վայրում տեսախցիկների տեսագրությունները։
Իրավապահ համակարգում Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ դրանցում երևում է, որ Ալեն Սիմոնյանը հարձակվում է Արթուր Դանիելյանի վրա և առաջինն է հարվածներ հասցնում։
Փաստաբանները, սակայն, մտավախություն ունեն, որ տեսագրությունները կարող են ոչնչացվել, քանի որ դրանք բավարար չեն, որպեսզի Դանիելյանի դեմ քրեական գործ հարուցվի՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով։
Նշենք, որ ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պահանջել է անմիջապես և ամբողջությամբ հրապարակել տեսագրությունը։
Իսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ, հնարավոր է, քրեական գործ հարուցվի ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ և փորձելու են կալանավորել Արթուր Դանիելյանին:
Նշենք նաև, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի ուղիղ եթերում պատմել է, որ փողոցում, երբ հանդիպել է Արթուր Դանիելյանին և բարևել, պատասխան է հնչել «բարև, բոզի տղա», ինչից հետո Սիմոնյանն ասել է, որ նույն կարծիքն ունի իր մասին և գլխով հարվածել է Արթուր Դանիելյանի քթին։
Նա նշել է, որ որևիցե մեկը չի կարող ասել, թե այլ կերպ էր պետք վարվել, չնայած, որ պետական պաշտոնյա է։
Սիմոնյանը նաև ասել է, որ Հայաստանը իրավական երկիր է, օրենքի առաջ բոլորը հավասար են և պատրաստ է պատասխանատվություն կրել։ «Ես իրավունք ունեմ ինքնապաշտպանվելու և օգտվելու եմ իմ այդ իրավունքից», - ասել է ԱԺ փոխխոսնակը։