05/05/2020 09:59
«Ժողովուրդ». Նախագահի աշխատակազմի կողմից ենթարկվում է փորձաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրան հարակից օրենքների փաթեթը: Ավելին` այն նախագահի աշխատակազմի կողմից ենթարկվում է փորձաքննության: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, նշեցին. «Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրան հարակից օրենքների փաթեթը հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ապրիլի 21-ին:
Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում: Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են օրենքը և հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն»: Հավելենք, որ փաթեթը ստորագրելու համար նախագահին մնացել է 6 օր, սակայն չի բացառվում, որ կրկին օգտվի Սահմանադրությամբ իրեն վերահապահված հնարավորությունից և այս նախագծի սահմանադրականությունը վիճարկի ՀՀ Սահմանադրական դատարանում։ Նկատենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը ստորագրեց վերջին պահին՝ 21-րդ օրը՝ խոստանալով, սակայն, հետևել կիրառմանը, իսկ «Բանկային գաղտնիքի մասին» մեկ այլ վիճահարույց օրենքն էլ ՍԴ-ում է. դեռ քննում են»: