05/05/2020 10:07
«Փաստ». Իշխանությունների համար թուլության նշան կարող է դիտվել կառուցողական քննարկումը և երկխոսությունը ընդդիմադիրների հետ
«Փաստ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի համավարակի տարածումը Հայաստանի քաղաքական դաշտում առկա խնդիրներն ավելի ցայտուն է դարձնում։ Առկա ճգնաժամը հաղթահարելու նպատակն ի զորու չէ համախմբել քաղաքական դերակատարների ներուժը։ Ավելին, քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է այնպես դիրքավորվել այս փուլում, որպեսզի շահեկան վիճակում դուրս գա արտակարգ դրության ավարտից հետո։
Սրա հետ մեկտեղ քաղաքական դաշտում աճում են ինչպես թշնամանքը և ատելությունը, այնպես էլ փոխադարձ մեղադրանքները՝ չնայած ճգնաժամային իրավիճակը լավագույն պայմաններն է ստեղծել փոխադարձ թշնամանքը մի կողմ դնելու և համախմբվելու համար։
Արտակարգ դրության սկզբնական փուլում իշխանությունները հնարավորություն ունեին ընդդիմադիր քաղաքական ուժերին համերաշխության կոչով դիմելու, տարաձայնությունները մի կողմ դնելու և առկա իրավիճակը համատեղ ուժերով հաղթահարելու նախաձեռնությամբ հանդես գալու համար։
Այսպիսի նախաձեռնությունը քաղաքական մթնոլորտի լուրջ փոփոխության կարող էր հանգեցնել, սակայն իշխանությունները այլ ճանապարհով գնացին։ Նրանք շարունակեցին հասարակությունը սևերի և սպիտակների, հների ու նորերի բաժանման իրենց գործելակերպը։ Թերևս իշխանությունները խորհում են այն մասին, թե ինչու պետք է իրենք հավասար հարթությունում հանդես գան ընդդիմադիր ուժերի հետ միասին, չէ՞ որ իրենք կարողացել են ստանալ հասարակության ճնշող մեծամասնության քվեն։
Իշխանությունների համար թուլության նշան կարող է դիտվել կառուցողական քննարկումը և երկխոսությունը ընդդիմադիրների հետ, դրա համար էլ նրանք տառապում են մեծամտության համախտանիշով»: