06/05/2020 09:49
«Փաստ». ՀՀ վարչապետներին նույնպես լիազորությունների դադարելուց հետո պետության կողմից համապատասխան կարգով կհատկացվի առանձնատուն
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ներկայումս նոր նախաձեռնություն է մշակվում, համաձայն որի՝ նախատեսվում է առաջիկայում շրջանառության մեջ դնել մի օրենսդրական փոփոխություն, որով ՀՀ վարչապետներին նույնպես լիազորությունների դադարելուց հետո պետության կողմից համապատասխան կարգով կհատկացվի առանձնատուն։
Գործող օրենքով Հայաստանի պաշտոնաթող նախագահներին պետության կողմից տրվում է առանձնատուն մայրաքաղաքում (սեփականության իրավունքով), ցմահ ծառայողական ավտոմեքենա, անվտանգություն և այլն: Հաշվի առնելով, որ 2015 թ. սահմանադրական փոփոխություններով փաստացի երկրի ղեկավարը ՀՀ վարչապետն է, տրամաբանական է համարվում, որ նրան էլ տրվեն վերոնշյալ հնարավորությունները:
Ի դեպ, նման առաջարկ եղել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք՝ սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական փոփոխությունների շրջանակում, սակայն այն ժամանակ ի վերջո հրաժարվել են այդ մտքից:
Հաշվի առնելով, որ, ըստ մեր ստացած տեղեկության, նախագիծը մշակվում է կառավարությունում, թեթրը դիմել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, ով հերքել է: