19/05/2020 19:40
Նարեկ Մալյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել «Facebook» սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ հակաօրինական գործողությունների վերաբերյալ, հայտնում են ոստիկանությունից:
Հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Նշենք, որ մայիսի 10-ին Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը.
«Կարճ ասեմ կապիտուլյացիայի ժամկետը և պայմանները.
1. Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի հրաժարական:
2. Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի դստեր` Արփենիկ Մարությանի ավագանուց հրաժարական:
3. Ցեղասպանության թանգարան հիմնադրամից սորոսական Հրանուշ Խառատյանի հրաժարական:
4. Թուրք ժողովրդի մեծ բարեկամ Գանդիի արձանի Երևանում տեղադրման չեղարկում:
Պահանջների կատարման ժամկետ 13.05.2020թ.:
Պահանջների բոլոր կետերը նշված ժամկետում չկատարելու դեպքում իմ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը մնում է փողով թուրք ներողների, ցեղասպանության զոհերի արյունը թուրքերին վաճառողների վրա: Նեղանալ չլինի, մերումանուկ եմ անելու առանց խղճի խայթի: Ժամանակը գնաց!!!!»:
Այսօր՝ անդրադառնալով վերոնշյալ քրգործի հարուցմանը, Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր մի խումբ Խառատյանների պահանջով ծիծաղելի հիմնավորումներով իմ դեմ քրեական գործ է հարուցվել:
Թուրք ներողները խիստ անհանգստացած են իմ վերջին բացահայտումներով:
Օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները խուճապի մեջ են: Թուրքիային օգնելու իրենց ծրագիրը, որը, ենթադրում եմ, լավ վարձատրվում էր հենց Թուրքիայից, տապալման եզրին է:
Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունը ոչնչացնելուց փրկելու պայքարի շրջանակներում իմ հնարավոր բանտարկությունը օրհնել է իմ հայրը: Հայրական օրհնությունը և ձեր բոլորի աջակցությունը ջերմացնում է իմ սիրտը:
Հ.Գ. Ի դեպ, Խառատյանների բողոքին միացել է նաև մի տրասվեստիտ մարմնավաճառ:
#խառատՅախք #թուրք_ներողը #Հորքուրի_գանդի»: