19/05/2020 17:17
«Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համակարգերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություն է մեկնարկել (Լուսանկարներ)
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով, հայտնում են ՊՆ-ից:
Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը:
Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ: Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով:
Զորավարժությանը ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: