19/05/2020 22:35
Կառավարությունը մերժում է տեղեկություն տրամադրել վարչապետի աշխատակազմին 350 հազար դոլար հատկացնելու որոշման հիմնավորման վերաբերյալ
Կառավարությունից հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել վարչապետի աշխատակազմին 350 հազար դոլար հատկացնելու որոշման վերաբերյալ։
Մայիսի 14-ին կառավարության նիստում որոշում էր ընդունվել ՀՀ վարչապետի աշխատակազմին 350 հազար դոլար տրամադրել՝ արբիտրաժային և այլ վեճերի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական, փորձագիտական ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Aysor.am-ը խնդրել էր մանրամասներ ներկայացնել՝ ինչ նպատակով է ընդունվել որոշումը, արբիտրաժային և ինչ այլ վեճերի մասին է որոշումը և արդյոք դա պայմանավորված է «Ամուլսարի» և/կամ «Սանիթեկի» գործերով։
Ի պատասխան կառավարությունից Aysor.am-ին հայտնել են. ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Ձեր՝ 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 17 գրությամբ բարձրացված հարցադրումների վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժվում է»։
Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը վերաբերվում է տեղեկատվության ազատության սահմանափակումներին։ Նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշվում է. «տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք»։