21/05/2020 09:53
Միքայել Մինասյանը կոտրում է Փաշինյանի կերպարը. կառավարությունում կգտնվեն մարդիկ, որոնք կարող են ժամանակավորապես ստանձնել վարչապետի պարտականությունները. Քաղտեխնոլոգ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ իշխանությանն ուղղված քննադատությունները վերացական չեն, այլ խիստ նպատակաուղղված: Նա իր տեսուղերձներում և ֆեյսբուքյան գրառումներում հետևողականորեն կոտրում է վարչապետի կերպարը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նախկին դեսպանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը:
«Միքայել Մինասյանը ցույց է տալիս, որ՝ հակառակ գործող վարչապետի պնդումների՝ կոռուպցիա և մաքսանենգություն, այնուամենայնիվ, կա: Նա ասում է, որ կա ադամանդագործություն, ծխախոտով բեռնված երկու իքննաթիռների պատմություն, և ցույց է տալիս, որ վարչապետն այն չէ, ինչ իրեն ներկայացնում է: Դա քաղտեխնոլոգիայում անվանում են կերպարի կոտրում», - ասաց Բադալյանը։
Ըստ քաղտեխնոլոգի, Միքայել Մինասյանը կոտրում է վարչապետի այն կերպարը, որը կա պայմանական ասած «պողոսների» գիտակցության մեջ:
«Իհարկե, սա չի նշանակում, որ գործող վարչապետին կուռք ընկալող «պողոսների» զգալի մասը կընդունի նախկին դեսպանի դիրքորոշումը, սակայն մի մասն, այնուամենայնիվ, կընդունի», - տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:
Արմեն Բադալյանի խոսքով՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանն իր փաստարկներով գնում է դեպի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի իջեցմանը, իսկ այնուհետև՝ «Իմ քայլ»-ի ներսում վարչապետի այլ թեկնածու փնտրելու դիտարկումներ է հնչեցնում:
«Իհարկե, կառավարության կազմում կգտնվեն մարդիկ, որոնք կարող են ժամանակավորապես ստանձնել վարչապետի պարտականությունները: Ի վերջո՝ նոր վարչապետ ընտրելու համար մոտ 20 ձայն է պետք՝ գումարած ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ձայները: Ինչ վերաբերում է «Իմ քայլին», ապա ակնհայտ է, որ այնտեղ տարբեր խմբավորումներ են ձևավորվում, և նրանք նույնպես տեսնում են, որ վարչապետը շատ դեպքերում ուղղակի կառավարման լծակները դուրս է թողնում իր ձեռքից: Առաջանում են կենտրոնախույս ուժեր, և այստեղ կարող է աշխատել նոր, ժամանակավոր վարչապետ նշանակելու գործընթացը», - ամփոփեց Արմեն Բադալյանը: