21/05/2020 16:21
Վիտալի Բալասանյանը կուսակցության անդամ չէ և ինքնաբացարկի հարցով ճիշտ կլինի նրան դիմել. «Արդարություն» խմբակցության ղեկավար
«Արդարություն» կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի՝ Արցախի խորհրդարանում իշխանությա՞ն դիրքերից է հանդես գալու, թե՞ գործելու է որպես ընդդիմության: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ մի քանի օրից արդեն կլինի որոշում:
Պատգամավորի խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին պետականաշինության սեփական ծրագիրը կյանքի կոչելով, ժողովրդի հետ սերտ համագործակցելով և հանրային քննարկումներ կազմակերպելով՝ կհասնեն օրենսդրական դաշտում անհրաժեշտ կարգավորումների:
Խոսելով հնարավոր համագործակցությունների վերաբերյալ՝ Գալստյանը նշեց, որ որևէ քաղաքական ուժի համագործակցության առաջարկ չեն արել և նման առաջարկ չեն ստացել:
«Եթե համագործակցության առաջարկ լինի, որը կբխի երկրի անվտանգության և հզորացման շահերից, ապա պատրաստակամ ենք», - նշեց խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով Վիտալի Բալասանյանը կողմից ինքնաբացարկ հայտնելուն՝ Գալստյանը նշեց, որ Բալասանյանը կուսակցության անդամ չէ, համագործակցության արդյունքում է առաջադրվել է որպես նախագահի թեկնածու և ինքնաբացարկի հարցով ճիշտ կլինի դիմել նրան:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ համագործակցությունը դադարեցվել է, խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ կուսակցությունը որևէ մեկի հետ համագործակցություն չի դադարեցնում, այլ ընդհակառակը՝ փնտրում է համագործակցության նոր ուղիներ: