21/05/2020 15:09
Առկա է նախնական համաձայնություն «Միասնական հայրենիք» կուսակցության հետ, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ բաց ենք համագործակցելու համար. Արթուր Հարությունյան
Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել է, որ բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել, այդ թվում՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նորընտիր խորհրդարանի «Ազատ հայրենիք և ՔՄԴ կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
«Նախ ասեմ, որ մենք ունենք դաշինքի և մեր նախագահի թեկնածուի նախընտրական ծրագիրը, որում, ըստ ոլորտների, նշված են բոլոր առաջնահերթությունները: Մենք առաջիկա հինգ տարիների ընթացքում փորձելու ենք որպես ծրագրային դրույթ ամրագրել կառավարության ծրագրում և այնուհետև կյանքի կոչել դրանք», - ասաց խմբակցության ղեկավարը:
Հարությունյանը նշեց, որ փորձելու են յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալ ներկայացվածություն և ըստ ոլորտների վերհանել այն խնդիրները, որոնք այսօր կան երկրում ու հենց դրանցով էլ առաջնորդվել:
Ինչ վերաբերում է դաշինքի հնարավոր համագործակցություններին, նրա խոսքով՝ այս պահին առկա է նախնական համաձայնություն՝ «Միասնական հայրենիք» կուսակցության հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությամբ պայմանավորված, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ բաց են համագործակցելու համար:
Ինչ վերաբերում է խորհրդարանում ներկայացված կուսակցություններին, ապա Ա. Հարությունյանի խոսքով՝ բոլորն էլ կառուցողական մոտեցում ունեն.
«Իմ կարծիքով հետագայում մենք ունենալու ենք բավականին առողջ կառուցողական քննարկումներ տարբեր հարցերի վերաբերյալ և ունենալու ենք մեկ նպատակ մեր երկրի զարգացման ու մեր պետականության ամրացման գործում»: