21/05/2020 09:44
«Ժողովուրդ». ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրված է մայիսի 22-ի ամսաթվով: Ըստ թերթի տեղեկությունների, իշխանությունների շատ ներկայացուցիչներ հույսեր ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի հրաժարականը չի ընդունելու ու նրան հրավիրելու է՝ հարցը քննարկելու ու լուծում գտնելու համար:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության շատ ներկայացուցիչներ հանրային ձևով իրենց դժգոհությունը չեն ներկայացնում Գոգյանի հրաժարակի հետ կապված, բայց քննարկումների ժամանակ, «ներքին» խոսակցությունների ժամանակ հայտարարում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել այս հարցում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Սմբատ Գոգյանից պարզել՝ արդյոք ինքը տեղյակ է իր դիմումի «ճակատագրից», սակայն վերջինս հայտարարեց, թե որևէ տեղեկություն չունի: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ դիմումն ուղարկվել է ՀՀ վարչապետին: Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել է.
«Վարչապետն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն արդեն հայտնել է այն պաշտոնյաների մասին, որոնք սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս աշխատանքից։ Երբ որոշում լինի Դուք դրա մասին կտեղեկանաք»: