21/05/2020 17:05
Նոր կառավարության ձևավորումը հասարակական պահանջ է. Անդրանիկ Թևանյան
Ակնհայտ է, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Ակնհայտ է այն պահից, երբ նախընտրություն տրվեց հանրաքվեի անցկացմանը, այլ ոչ թե կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցների իրականացմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը:
«Հիվանդացության վերաբերյալ թվերը և հարևան Վրաստանի առողջապահական պատկերը մեզ համոզում են, որ գործ ունենք ապաշնորհ կառավարության հետ: Այս առումով պատասխանատվությունն ուղիղ կերպով կրում է վարչապետը, որովհետև նա էր հայտարարում, որ կորոնավիրուսին բանի տեղ չպետք է դնել: Նրա նշանակած նախարարն էր մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնում, որ խնդիր չկա, պետք չէ անհանգստանալ:
Բացի վերը թվարկածը, կորոնավիրուսի՝ օրեցօր ավելացող թվերին գումավում են նաև սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք կառավարությունը նույնպես չի կարողանում լուծել: Այս պայմաններում, երբ անհրաժեշտ է հանրային մոբիլիզացիա, ատելության մթնոլորտի վերացում, տեսնում ենք պառակտում, քաղաքական հետապնդումներ, հակաիրավական օրենքներ: Բնական է, որ առաջանում է նոր կառավարության, նոր վարչապետի խնդիր», - ասաց մեր զրուցակիցը:
Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ նոր կառավարության ձևավորմանը կարելի է հասնել հասարակական լայն համախմբման արդյունքում, որը կմեկտեղի ինչպես կառավարության ներսում եղած առողջ ուժերի, այնպես էլ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, փորձագիտական և քաղաքացիական սեկտորների ուժերը:
«Սա համազգային միավորման ակտ պետք է լինի: Նոր կառավարության ձևավորումը հասարակական պահանջ է, բայց թե սա ե՞րբ հնարավոր կլինի, քննարկելու հարց է: Թե ովքեր կլինեն նոր վարչապետը, նախարարները, երկրորդական հարց է», - եզրափակեց մեր զրուցակիցը: