22/05/2020 10:13
«Ժողովուրդ». ԿԳՄՍ-ում փոխնախարարական աթոռի ներկա ու նախկին տիրակալները պայքարում են իրար դեմ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորը արմատներ ունի, որոնք տանում են դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
Թերթը գրում է, որ բանն այն է, որ Թամրազյանի ու Անափիոսյանի փոխհարաբերությունները վաղուց են լարված եղել, և այժմ լուրեր կան, որ Թամրազյանի դեմ դավեր է նյութում նախկին գործընկերը: Խոսվում է այն մասին, որ Թամրազյանն է կարողացել այնպիսի փաստեր ներկայացնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` ընդդեմ փոխնախարարի, ինչի պատճառով որոշում է կայացվել Արևիկ Անափիոսյանին ազատել աշխատանքից:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունները ճշտել Արևիկ Անափիոսյանից, որը թերթի հետ զրույցում ժխտել է՝ հավաստիացնելով, թե նման բան չկա, իսկ Թամրազյանի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ ասել է, որ եղելության մասին տեղեկանում է մամուլից:
Թերթը գրում է նաև, որ երեկ և նախորդ օրը փոխնախարար Թամրազյանը կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն` ըստ մամուլի, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ «ռազբորկա» անելու համար:
Սակայն Թամրազյանը մանրամասներ չէր հաղորդել՝ ասելով, թե պարզապես զրույց է եղել, այլ ոչ թե հարցաքննություն ԱԱԾ-ում:
Երկուշաբթի օրը՝ մայիսի 25-ին, տեղի է ունենալու Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստ, որին ներկա են լինելու Սմբատ Գոգյանն ու Գրիշա Թամրազյանը: