25/05/2020 17:17
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի մասնակցությամբ ԱԺ-ում փակ նիստ է ընթանում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի մասնակցությամբ նիստը։
Նիստը կընթանա փակ ընթացակարգով։
Գոգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն որակավորման նախահագի պաշտոնից՝ նշելով, որ կրթության ու գիտության բարեփոխումների վերաբերյալ իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ։
«Նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն», - նշել էր Գոգյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ՝ կարծիք հայտնելով, որ ռեկտորն իր պաշտոնն առ այսօր զբաղեցնում է՝ ունենալով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հովանավորությունը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին կոչ էր արել իրավապահներին այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։