27/05/2020 13:31
Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար կտևամադրվի շուրջ 2,1 մլրդ դրամ
Կառավարության որոշմամբ շուրջ 2,1 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ «ապահովում ենք, որ ժամանակվոր կացարանները բնակարան ձեռք բերելու պահին ազատվե՞ն»:
«Այնպես չլինի, որ տնակների պատմությանը հանդիպենք, երբ ընտանիքը բնակարան է ստանում, բայց նախընտրում է իր տիրապետության տակ պահել նաև ժամանակավոր կացարանը: Այսպիսի դեպքերը պետք է բացառել», - ասաց վարչապետը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ անհրաժեշտ իրավական կարգավորումները կան, պետք է միայն հետևել դրանց:
«Այս մարդիկ 88 թվականից մինչև օրս բռնագաղթի հետևանքով տարբեր տեղերում են բնակվել, սեփական տանիք չունեն և նման որոշում Երևան քաղաքի համար նախկինում չի եղել», - ասաց նախարարը: