27/05/2020 16:39
Ինչո՞ւ պետք է իմ երեխան ամեն օր լսի համասեռամոլների մասին. Էրիկ Օհանյանը զայրացել է
Օրեր առաջ հրապարակումներ եղան, որ Երևանի փողոցներում ինչ-որ մարդիկ դպրոցահասակ երեխաներին «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանում: Այս տեղեկությունը հանրության զայրույթն առաջացրեց:
«Շատ կարևոր թեմաներ, գրքեր կան, որ պետք է մեր երեխաներին բաժանվեն, այս «աղբի» տեղը թող ուսուցողական, հայրենասիրական գրքեր տան: Արդեն խելագարվել կարելի է, ինչո՞ւ պետք է իմ երեխան ամեն օր լսի համասեռամոլների մասին, իմանա «գոմիկը» կամ «տրանսգենդերը» ինչ են: Դրանց մասին ես չեմ ուզում լսեմ, ուր մնաց թույլ տամ, որ իմ էրեխեն իմանա: Շա՞տ են ուզում գրքեր բաժանեն, թող, օրինակ, Մոնթեի, մեր հերոսների, մեր ճանաչված սպորտսմենների մասին գրքեր տան: Ինքս էլ սիրով կկարդամ», - Aysor.am-ի հետ զրույցում իր զայրույթն արտահայտեց «Armenian Power» ակումբի հիմնադիր, արևելյան մարտարվեստների վարպետ, մարզիչ Էրիկ Օհանյանը:
Երեկ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ այս նախաձեռնության հետ իրենք որևէ կապ չունեն: Գերատեսչությունը շեշտեց, որ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, որ նմանատիպ գրքեր են բաժանվում: Խնդրի վերաբերյալ փաստ ունեցողներին էլ հորդորեց դրանք տրամադրել իրավապահներին:
Էրիկ Օհանյանը չի պնդում, թե այս նախաձեռնության հետ կառավարությունը կապ ունի, բայց գտնում է, որ երևույթը պարտադիր պետական վերաբերմունք է ակնկալում, հակառակ դեպքում սովորություն կդառնա:
«Շատ հնարավոր է, որ սաբոտաժ են փորձում անել, բայց երկրի ղեկավարությունը նրա համար է, որ այդպիսիներին սանձի, թույլ չտա իր դպրոցահասակ քաղաքացիների մտքերը կեղտոտել: Ո՞ւր են այն մարդիկ, ովքեր իրենց «հեղափոխության պահապաններ» էին հռչակել, թող դուրս գան ու այս հարցը լուծեն: Ես մարզիչ եմ, 120 աշակերտ ունեմ, չեմ ուզում, որ վաղը մեկը գա ու ասի՝ «ընկեր Էրիկ, ինձ այսբովանդակ գիրք են տվել»: Թող գտնեն ու պատժեն նրանց, ապացուցեն, որ իրենք կապ չունեն: Ես չեմ կարող չէ՞ հիմա դուրս գալ փողոց ու իմ ցանկացած գիրքը նվիրել անցորդներին՝ մնալով աննկատ», - ընդգծեց նա:
Էրիկ Օհանյանը կոչ է անում բոլոր մանկավարժմներին, մարզիչներին ու անչափահասների հետ առնչություն ունեցող մասնագետներին՝ միահամուռ հետևողական լինել այս երևույթին և մերժել այն:
Հիշեցնենք, որ թեմայի շուրջ իր զայրույթն էր հայտնել նաև Այկիկենդո Կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը, ում 9-ամյա որդուն նույնպես փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գիրք էին նվիրել: