30/05/2020 19:13
Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդն՝ ազգի փրկիչ կամ մարգարե. Վանեցյան (Տեսանյութ)
Կարող ենք շատ երկար խոսել նոր կորոնավիրուսի պայմաններում առաջացած մարտահրավերներից և դրանց հետևանքներից, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել իշխանություն՝ կոմպետենտ և ժողովրդի հանդեպ ազնիվ իշխանություն։ Իսկ իրավիճակն իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում։ Այդ մասին այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդն՝ ազգի փրկիչ կամ մարգարե։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարող քաղաքական միավորը չունի և չի էլ ուզում ունենալ բավարար կադրային և մասնագիտական ներուժ պետության առջև ծառացած մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու համար», - ասել է նա։
«Մենք հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը։ Ես կես ճանապարհից հետ կանգնող չեմ։ Հայաստանում որևէ մեկին չեմ համարում թշնամի և հակված եմ լայն կոնսոլիդացիայի, համատեղ աշխատանքի՝ բոլոր կարող ուժերի և անհատների հետ։ Հայաստանը պետք է զարգանա և հզորանա։ Մենք կարող ենք ու հենց մենք էլ դա անելու ենք», - նշել է Վանեցյանը։