30/05/2020 19:27
Պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտիզմի, պրագմատիզմն՝ ընդդեմ պոպուլիզմի. Ինչ է առաջարկում Վանեցյանի կուսակցությունը (Տեսանյութ)
Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի, այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։ Իրական քաղաքականությամբ», - ասել է նա։
Վանեցյանը նշել է, որ կուսակցությունն առաջարկում է ծրագիր և գործելաոճ, որի հիմքում են.
• Պատասխանատվությունն՝ ընդդեմ ինֆանտիլիզմի
• Ազնվությունն՝ ընդդեմ ստի և մանիպուլյացիայի
• Կարգապահությունն՝ ընդդեմ ամենաթողության
• Միասնականությունն՝ ընդդեմ պառակտման
• Համակարգն՝ ընդդեմ քաոսի
• Կայունությունն՝ ընդդեմ անորոշության
• Պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտիզմի
• Պրագմատիզմն՝ ընդդեմ պոպուլիզմի
«Անթույլատրելի եմ համարում երկիրը հակամարտող, անգամ՝ միմյանց նկատմամբ թշնամության հասնող ճամբարների բաժանելու արատավոր գործելաոճը: Գիտակցելով մեր երկրում լուրջ, համակարգային բարեփոխումների, երբեմն՝ արմատական վերափոխումների կարևորությունը և պատրաստ լինելով ստանձնել դա անելու պատասխանատվությունը, մենք միևնույն ժամանակ հեռու ենք այն ծայրահեղական մոտեցումից, թե իբր նախկինում ամեն ինչ միայն վատ է եղել, իսկ քաղաքական մեր թվարկությունը սկսվել է այն պահից, երբ ոմանք երկիրը գունաբաժանել են սևի և սպիտակի», - ասել է Վանեցյանը։
Նա նշել է, որ մեր ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից:
«Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն՝ բանականության և իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ և արժանապատիվ ապրելու համար: Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։ Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ: Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր: Մեր հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ», - հայտարարել է Վանեցյանը։