30/05/2020 19:30
Մեր քաղաքական նպատակն ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը. Վանեցյան (Տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցությունը կենտրոնամետ՝ աջ ուղղվածությամբ կուսակցություն է, որն իր գործունեության հիմքում դնելու է ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը:
«Հայրենիք» կուսակցությունը ասպարեզ է գալիս քաղաքացիների անվտանգության ապահովման, նրանց բարօրության ու առաջադիմության, նրանց իղձերի իրականացման համար կայուն հիմքեր ստեղծելու վճռականությամբ, այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Մեր քաղաքական նպատակը ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը և մարդկանց համար շոշափելի խորքային բարեփոխումները։ Մենք մեր գործունեության հիմքում դնում ենք ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը: Մեր ազգային ավանդույթները ամուր են, առողջ են և համամարդկային։ Ինձ համար անընդունելի է նաև քաղաքական նպատակներով հետադիմական մոտեցումների քարոզը։ Արհեստական հակադրումը՝ ազգային և համամարդկային արժեքների։ Դա կեղծ հակադրություն է ու հաճախ ստեղծում է նոր թշնամի ճակատներ մեր հանրության ներսում», - ասել է նա։
Վանեցյանի խոսքով՝ հետ չեն մնալու համաշխարհային առաջընթացից և զարգացումներից, միաժամանակ պահպանելու են ազգային արժեքները։