01/06/2020 11:03
Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և հետաձգել հունիս ամիսը կամ Նոր տարին․ Նաիրա Զոհրաբյանը՝ հանրաքվեն հետաձգելու դրույթի մասին (Տեսանյութ)
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
«Խորհրդարանը կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի։ ԱԺ լիազորությունները սահմանված են ՀՀ սահմանադրությամբ։ 88 հոդվածում հստակ նշված է, որ ԱԺ լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, Սահմանադրության 208-րդ հոդվածում հանրաքվեի մասով միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու, դա չեղարկելու դրույթ չկա, նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ, հունիս ամիսը կամ, ասենք, Նոր տարին», - ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց․
«Տիկին Զոհրաբյան, սպասում ենք ձեր հեղինակած նախագծին»։
Հիշեցնենք՝ ըստ նախագծի ՀՀ օրենքը չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը, ուստի սահմանվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով եւ 12 ժամվա ընթացքում ԿԸՀ-ը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում է կատարել նաեւ այլ փոփոխություններ:
Առաջարկվում է 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Սահմանվում են նաև կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:
Սահմանվում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի կասեցված գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով: