01/06/2020 18:12
Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:
Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, և այդ առումով երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է:
Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ և՛ օրինաստեղծ դաշտում, և՛ քաղաքական քննարկումների հարթակում երկու պետություններն ունեն կայացած ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է էլ ավելի հարստացնել: Այս համատեքստում նա անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարևորությանը, մշտական հանձնաժողովների փոխգործակցությանը:
ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների միջոցով հեղափոխություն է տեղի ունեցել խորհրդարանում՝ վստահեցնելով, որ նորընտիր Ազգային ժողովը շահագրգիռ է Հայաստանի օրենսդիր մարմնի հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու:
«Արցախը կլինի անվտանգ, եթե մենք ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք», - փաստել է Արթուր Թովմասյանը:
Նրա համոզմամբ՝ եթե օրակարգային երեք հարցերում՝ Արցախի հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում եւ անվտանգություն, լինի համայն հայության աջակցությունը, ապա անպայմանորեն հաջողություն կգրանցվի:
Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը և համաձայնություն հայտնել, որ բոլոր խնդիրները կարող են և պիտի հաղթահարվեն համատեղ ուժերով:
«Հայաստանը և Արցախը նույն հայրենիքի մասերն են, և մենք պետք է միասնական օրակարգով առաջ գնանք», - փաստել է ՀՀ ԱԺ նախագահը: