01/06/2020 14:58
Ռոբերտ Քոչարյանի գործը դատարանի վարույթում է, հետևաբար որոշումներ կայացնողը դատարանն է. Գլխավոր դատախազ
ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ ինչ է անում դատախազությունը, որպեսզի բացառի ՀՀ երկորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերի հետաձգումը:
Արթուր Դավթյանը նկատեց՝ գործը դատարանի վարույթում է, հետևաբար ակնհայտ է, որ որոշումներ կայացնողը դատարանն է:
«Մոտավորապես մեկ տարի է՝ գործը դատարանի վարույթում է, և գրեթե ամեն նիստին պաշտպանների կողմից խափանման միջոցի փոփոխման միջնորդություն է ներկայացվել: Մենք հստակ ասում ենք, որ քանի դեռ փուլը հստակ չի փոխվել, չենք անցել դատաքննության փուլ, ռիսկերի վերանալու մասին խոսք լինել չի կարող:
Մեր դիրքորոշումներում կարմիր գծով անցել է հետևյալը. պաշտպանության կողմի նմանատիպ վարքագիծն ակնհայտորեն պաշտպանական իրավունքի չարաշահման վկայություն է և մենք գտնում ենք, որ դատարանը բոլոր հիմքերն ունի այս հիմնավորմամբ սահմանափակելու համապատասխան փուլին բնորոշ դատավարական գործողությունները և անցնելու դատաքննության, անցնելու ապացույցների հետազոտման», - ասաց դատախազը: